«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ` ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
(Հարգարժան ընթերցողներ, նյութի շարադրանքն ու բովանդակությունը մասնակի փոփոխության են ենթարկվել մի պարզ պատճառով, Հայաստանը «Կերպարվեստի Երուսաղեմ» երկիր կդառնա միայն երկրի տնտեսության համակարգված զարգացման դեպքում` անկախ գործող կառավարության և խորհրդարանի գերնվիրական նկրտումներից)։
«Անկախության հռչակագրի» նշանակությունն անգնահատելի է հատկապես վերջին երկու տարում, իմքայլական նահանջ դարում։ Հռչակագիրն ահա 25 տարի, դեռ մի բան էլ ավելի բռնադատվում է զանազան հակահռչակագրային օրենքներով և որոշումներով։ Հանրապետության գլխավոր օրենք Սահմանադրությունն իր սահմանումների ճնշող մասով խարխլում է հայոց նորագույն պատմության պատմա-քաղաքական գլխավոր փաստաթղթի` «Անկախության հռչակագրի» հիմքերը, տեղահանում է սյուները, ականապատում է որմերը։ Այլ կերպ ասած` ՀՀ Սահմանադրությունը հակազգայնականության, և հակապետականության սահմանները հստակեցնող փաստաթուղթ է։ (Ի դեպ, մի՞թե ժամանակը չէ Մելիք-Ադամյան փողոցում, ներկա կառավարության նստավայրի դահլիճի մուտքի առաջ տեղադրելու «Անկախության հռչակագրի» խորհրդանշական հուշակոթողը։ Ի լրումն տեղեկացնեմ, որ հռչակագիրը վավերացվեց 1990 թ. ՀՀ ԳԽ-ի նիստում, որը կայացավ Կառավարական շենքի դահլիճում)։
Իմ պատվարժան ընթերցողները թող համբերատար լինեն, այսօր մի փոքր պիտի շեղվենք բուն կերպարվեստի խնդիրների շոշափումից և փորձենք կառուցել հայկական գործող հակապետությանը հակընդդեմ պետություն։ Պետություն, ուր կբարգավաճեն և՛ տնտեսությունը, և՛ գիտությունը, և՛ մշակույթը, անշուշտ` նաև կերպարվեստը։ Այս, առաջին հայացքից երազանքային, սակայն իրատեսական երկիրը պիտի կառուցի Մեկենասների կառավարությունը, ձևավորված Հայկական աշխարհի այն պետականամետ գործարար այրերից և տիկնանցից, որոնք իրենց նյութական կարողության տասնորդը կներդնեն ՀՀ-ի սահմաններում Հայկական ազգային հանրապետության, այլ կերպ` զուգահեռ պետականության կառուցման վրա։
Ընդ որում, Հայկական ազգային հանրապետությունը որևէ ձևով չի խոչընդոտելու գործող իշխանության և կառավարության օրենքների և որոշումների իրականացմանը. քաղաքացիական անհնազանդության որևէ դրսևորմամբ, նաև պարսավանքով և հորդորներով։ Այն ապաքաղաքական կառույց է։
ԱՍՔ ԱՌ «ՈՍԿԵ ՁՎԵՐԻ» ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ
Վերջերս Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական գործիչ Արամ Սարգսյանն անկյունաքարային առաջարկությամբ հանդես եկավ, «Իրատեսում» (թիվ 25, 2020)։
Դրվագենք այն. «Գուցե շատ հեղափոխական մի միտք ասեմ, բայց այս պահին կառավարությունը պետք է որոշ խոշոր ձեռնարկությունների ազգայնացման ծրագիր պատրաստի։ Առաջին հերթին այն գործարանների, որոնք օտարների ձեռքում են, որոնք շահույթը դուրս են տանում, այդ թվում հանքարդյունաբերությունը, Երևանի կոնյակի գործարանը, որը շատ սխալ ձևով սեփականացվեց, ու ժամանակն է, որ «ոսկե ձու» ածող այդ գործարանն ազգայնացվի։ Սրանց գործունեությունից պետությունը ստանում է մի քանի ձևով հարկեր, իսկ հիմնական հարստությունը մնում է սեփականատիրոջը։
Եթե Նորվեգիայի պես զարգացած երկիրը շահույթի 80 տոկոսը պահում է իրեն, 20 տոկոսն է տալիս, որ երկրից դուրս բերվի, մենք հակառակն ենք անում։ ԱՄՆ-ում ճգնաժամը հաղթահարելու համար Ֆրանկլին Ռուզվելտն իրականացրեց տնտեսական այնպիսի գործիքակազմ, որը մասնավորին դեմ էր, բայց վերածնունդ ապահովեց ԱՄՆ-ին։ Նույնն արեց Մարգրետ Թետչերը, երբ տեսավ, որ մետալուրգիական արդյունաբերությունը վախճան է ապրում։ Այդ ճյուղը ազգայնացրեց, կարգի բերեց, հետո վերադարձրեց մասնավորին այն ժամանակ, երբ պետության շահերին համապատասխան էին գործում»։ Հուսա՞մ, որ ներկա կառավարությունը կընդառաջի տիար Սարգսյանի փրկօղակ-առաջարկին և կհեղաշրջի անվարան ճոճքի մեջ հայտնված երկրի տնտեսությունը, որի գլխավոր խնդիրն այսօր վարչական, գորգալվային, հուզանքազանգային և, ինչ խոսք, պարգևավճարային վերնախավի լիառատ սնուցումն է։ Դժվար է հուսալ։
ԱՍՔ ԱՌ ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ
Մեծանուն Պարիս Հերունու անվանի սան, գիտնական-նորարար տիար Վահանը Համազասպյան հիմնավորապես ապահովում է երկրի էներգետիկ, ավելի ստույգ` քաղաքակրթական անվտանգությունը, իր նշանավոր հելիոֆիկացիոն ծրագրով։ Մեկենասների կառավարության նորընծա և պատվարժան անդամներ, տասնորդի հատկացմամբ տիարք Հերունու և Համազասպյանի բոսոր մտքի արգասիք ծրագրերը կյանքի կոչելով կառուցեք ձեր երազանքների հայրենիքը` 3-րդ Հանրապետության սահմաններում։ Կառուցեք և ապահովեք հայկական քաղաքակրթության անվտանգությունը։ Նաև, իհարկե, ձեր գործունեության անվտանգությունը։ Չէ՞ որ մեկենասների կառավարությունում գործող գիտական մտքի ներդրման նախարարությունում ամեն բան լինելու է մանկան ժպիտի պես շիտակ։ Այս զուգահեռ երկրում չի լինելու ո՛չ ընչաքաղցությունից գրեթե խելքամաղվող բյուրոկրատիա, ո՛չ էլ, բնականաբար, հայոց պետությունը սեփական տնամերձի հետ միամտաբար շփոթող քրեաօլիգարխիա։
Ի դեպ, մի՞թե ժամանակը չէ, որ Պարիս Հերունու խորհրդանշական հուշակոթողը տեղադրենք մայրաքաղաք Երևանում։
Միով բանիվ, հարկ չկա ստեղծել մի նոր եռանիվ հեծանիվ և նրանով փորձել հերկել երկրի անջրդի հողերը` նույն երկրի կառավարության հետ ուս ուսի։ Զի մեր հայրենանվեր կառավարության և իշխանությունների հետ ուս ուսի, երբեմն էլ գրկախառն քայլում, կքանստում, երբեմն էլ «Յարխուշտա» է պարում անդրօվկիանոսյան բարեժպիտ և բազմասեռ արտերևույթը։ Անունը Սորոս, Համաշխարհային բանկ և այլն։
ԱՍՔ ԱՌ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԻՐ
ՀՀ մեկենասների կառավարությունում գործող հայ կերպարվեստի նախարարության ռազմավարությունն ու գործընթացներն արմատապես զանազանվելու են ներկա ԿԳՄՍ-ի և մշակույթի նախկին նախարարների որդեգրած քաղաքականությունից։ Համաձայն նրանց քաղաքականության հայ կերպարվեստը թանգարանային նմուշ է, գործող կերպարվեստագետը` ընդամենը լուսանցքային երևույթ։ Հայ կերպարվեստով նրանք (այն է` նախկին ու ներկա կերպարվեստամերձ ռազմագետ-վարչարարները), հպարտանում, յոթերորդ երկնքում են հայտնվել և հայտնվում բացառապես օտարերկրյա պատվիրակություններին ի ցույց։
Վերնիսա՜ժ։ Սա է 3-րդ հանրապետության հավատո հանգանակը։ Նրա նախկին, առավել ևս ներկա կառավարիչներն անզուսպ բարեգթությամբ հայ նկարիչներին շնորհել են գերագույն բերկրանք` ստեղծագործելու առանց պետական «բիրտ և պահպանողական» հովանավորության, առանց տանիքի գլխավերևում, երբեմն էլ առանց ներկի ու կտավի, առանց քարի և մետաղի։
ՀՀմեկենասների կառավարության կերպարվեստի նախարարությունը, հուսամ, որ կձևավորվի տեսանելի հեռանկարում։ Եվ կսկսի շահագործել ժամանակակից կերպարվեստի գունեղ և շքեղ հանքավայրը։
Ծրագրերն ու նախագծերը բազմաթիվ են։
Նախ արվեստանոցային ավաններ կառուցել և հատկացնել կերպարվեստի երիտասարդ վարպետներին։ Այնուհետև ֆիլմաշարերի նկարահանմամբ և պատկերագրքերի հրատարակմամբ (բազմալեզու և բարձրարվեստ) հայ ավանդական և արդիական կերպարվեստը հանրահռչակել Երկիր մոլորակում։ Եվ, վերջապես, դառնալ ժամանակակից կերպարվեստի հավաքորդ։ Այն է` պարբերաբար ձեռք բերել քանդակ և նկար ու գեղագիտորեն շենացնել սեփական տունն ու աշխատավայրը, շենացնելով երկիրը։
ՔԱՐԱԳԻՐ ՎԵՐՋՆԱԳԻՐ
Ոմանց համար այս հրապարակումը խենթության ամփոփագիր է։ Ոչ միայն դեմ չեմ, այլև լիասիրտ համամիտ եմ, չէ՞ որ խենթերն են ուղիներ գտնում և ճանապարհներ հարթում։
Թողնելով մեկենասների կառավարության ձևավորումը հայաստանաբնակ և սփյուռքահայ այրերին ու տիկնանց, մենք զբաղվում ենք կերպարվեստի նախարարության ձևավորման հիմնահարցերով։ Աստծով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ